Անհամաձայնություններ չկան, մենք համադրում ենք մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են և գնահատել Արցախի համազգային կարևոր հարցում իրենց անելիքներն ու աշխատանքը։ Երկու երկրներն այդ ոլորտում ընդարձակ համագործակցում են։
Այս մասին այսօր Արցախում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե անհամաձայնություններ չկա՞ն Արցախի իշխանությունների հետ, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան տվեց. «Անհամաձայնություններ չկան։ Մենք համադրում ենք մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ՝ առաջ տանելու մեր օրակարգը, որը վերաբերում է խաղաղ կարգավորման գործընթացին:
Եթե իմ բնագավառին է վերաբերում, մենք ունենք նպատակներ, դրան հասնելու ճանապարհներ, տարբեր հարցերի շուրջ տարբեր գաղափարներ, ինչը բնականոն է: Քննարկումների, վեճերի, համադրումների մեջ մենք հստակ պահում ենք գիծը համակարգված առաջ տանելու մեր մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որոնք առնչվում են խաղաղ գործընթացին»,-ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ անհամաձայնությունները խորքային չեն. «Դրանք քննարկումներ են, եթե մարդիկ սկսեն միաձև մտածել, դա վտանգավոր կդառնա, դա այլ աշխարհ է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










