Facebook-ն ուսումնասիրում է «լայքերի» քանակը ցուցադրող գործառույթից հրաժարվելու հնարավորությունը
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն ուսումնասիրում են հրապարակումների հավանությունների՝ «լայքերի» քանակը ցուցադրող գործառույթից հրաժարվելու հնարավորությունը, գրում է TechCrunch-ը:
Նոր գործառույթի փորձարկումն իրականացվում է Facebook-ի Android համակարգի հիմքի վրա գործող հավելվածում, որտեղ օգտատերերը հնարավորություն չունեն տեսնելու, թե քանիսն են հավանել հրապարակումը, սակայն «արձագանքողների» ցանկը տեսանելի է:
«Հետաքրքիր է, որ «լայքերը» կամ մեկնաբանությունների արձագանքները դեռևս քողարկված չեն, սակայն դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ գործառույթի մշակումը դեռևս գտնվում է զարգացման վաղ փուլում»,- նշել է TechCrunch-ի փորձագետ Ջեյն Վոնգը:
Այս գործառույթի ներդրմամբ Facebook-ը ցանկանում է պաշտպանել օգտատերերին նախանձի հնարավոր դրսևորումներից, այլոց հետ շարունակաբար համեմատվելու սովորությունից, ինչպես նաև նվազեցնել ինքնագրաքննական ճնշվածության հնարավորությունը:
Ավելի վաղ` ապրիլին հայտնի է դարձել, որ նմանատիպ նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ նաև Instagram սոցիալական կայքը: Instagram-ն այժմ փորձարկումներ է անում արդեն աշխարհի 7 երկրներում (Կանադա, Բրազիլիա և այլն). նախնական փորձարկումների արդյունքում հրապարակումների տակ տեսանելի են միայն «միևնույն ընկերների» անունները:










