Մեծ Բրիտանիայում 1600 տարվա հնության յուրօրինակ խճանկարը բացվել է հանրության համար (լուսանկարներ)
Անգլիայի Բերքշիր շրջանի Բոքսֆորդ գյուղում հայտնաբերված՝ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի խճանկարն ամբողջությամբ պեղվել է, գրում է Daily Mail-ը:
Շուրջ 1600 տարվա հնության խճանկարը հայտնաբերվել էր 2017թ.-ին, սակայն ամբողջությամբ բացվել է միայն վերջերս: Այն իր տեսակի մեջ հայտնի խճանկարներից է և փորձագետների հավաստմամբ՝ եզակի նմուշ է Մեծ Բրիտանիայի տարածքում:
Խճանկարը պատկերում է մրցություն կառքով՝ հունական առասպելական պելոպների պատկերներով, որոնք մրցում են արքայադուստր Հիպպոդամիայի սիրո համար: Հնագետ Մաթ Նիկոլի խոսքով՝ 6 մետր երկարություն ունեցող խճանկարի գեղարվեստական տեսարանը ոչնչով չի զիջում այլ հնադարյա խճանկարներին:
Խճանկարը հայտնաբերվել էր երկու տարի առաջ, սակայն կրկին հողով էր ծածկվել, որպեսզի ֆերմերները կարողանային աշխատել դաշտերում: Պեղումներին մասնակցած կամավորներն ընդամենը 10 օրում մաքրել են դրա ամբողջ տարածքը:
Խճանկարը բացվել է հանրության համար, այն տեսնելու է եկել շուրջ 3000 մարդ: Իշխանությունները մտադիր են կրկին ծածկել այն, որպեսզի խճանկարը չխոչընդոտի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներին: Փորձագետների խոսքով՝ այն թանգարան տեղափոխելը չափսերի պատճառով նպատակահարմար չի լինի: Տեղի համայնքը ցանկանում է խճանկարը թողնել նույն վայրում, որտեղ հայտնաբերվել է:




















