Լուկաշենկոն ասել է, թե ինչու աշխատանքի հեծանվով չի գնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ միշտ ցանկացել է աշխատանքի գնալ հեծանվով կամ մոտոցիկլով, սակայն ուկրաինացի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ ժողովրդին տված նմանատիպ խոստումից հետո հրաժարվել է այդ գաղափարից: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Մինսկի նորակառոււյց դպրոցներից մեկը կատարած այցի ժամանակ, որտեղ դաս է անցկացրել աշակերտների համար, հաղորդում է РИА Новости-ն:
«Ինձ միշտ գրավել է մոտոցիկլ կամ հեծանիվ վարելու և դրանցով աշխատանքի գնալու գաղափարը: Սակայն Զելենսկին ամեն ինչ փչացրեց: Ընտրվելուց հետո Ուկրաինայի նախագահն ասել էր ... « Ես աշխատանքի հեծանվով եմ գնալու»,- նշել է Լուկաշենկոն:
Ըստ Բելառուսի ղեկավարի՝ ինքը ստիպված է եղել հրաժարվել այդ գաղափարից, քանի որ չի ցանկացել, որպեսզի այդ հարցում զուգահեռներ անցկացնեն երկու երկրների նախագահների միջև: «Սակայն վստահ եմ հեծանիվ կամ մոտոցիկլ վարելը հաճելի զբաղմունք է»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին ընտրարշավի ընթացքում խոստացել էր, որ ընտրվելու դեպքում աշխատանքի հեծանվով է գնալու: «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալում Զելենսկիի հերոսը հենց այդպես էր անում: Սակայն օգոստոսի վերջին Ուկրաինայի նախագահն ասել է, որ իրեն թույլ չեն տալիս հեծանիվ վարել, քանի որ այն «անվտանգ չէ»:










