Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավոր է

02:44 • 03.09.19

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկուշաբթի հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել, վիրավորվել է 50-ը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ նշելով, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել:

Ըստ աղբյուրի՝ պայթյունը որոտացել է Քաբուլի կառավարական շենքերի և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ պայթել է պայթուցիկներով լցված ավտոմեքենան, ինչից հետո հրդեհ է բռնկվել մոտակայքում գտնվող վառելիքի բաքում: Պայթյունի հետևանքով մի քանի տուն է վնասվել:

Ինչպես նշում է TOLOnews-ը, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը: Ըստ աղբյուրի՝ պայթյունից հետո այդ տարածքում նաև կրակոցներ են հնչել: