«Ստրուկնե´ր». Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները բողոքում են Գեորգի Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելու որոշման դեմ

15:06 • 03.09.19

Վրացական «Ազգային շարժման» և «Խայտառակություն» շարժման ներկայացուցիչները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ և բողոքում են ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելու որոշման դեմ, հաղորդում է apsny.ge-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները այժմ գտնվում են խորհրդարանի մուտքի մոտ:

Նրանք իշխող կուսակցության պատգամավորներին դիմավորում են «ամո´թ» և «ստրուկնե´ր» վանկարկումներով: 

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները նաև վանկարկում են, որ Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելը ռուսական պատվեր է:

Հաղորդվում է, որ խորհրդարանի շենքի մոտ ոստիկաններ են գտնվում:

Ցույցի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել Վրաստանի վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալու և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից այդ պաշտոնում ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունն առաջադրելու ֆոնին:

«Քաղխորհրդի ժամանակ ես առաջարկեցի Գեորգի Գախարիայի թեկնածությունը և լիակատար աջակցություն ստացա»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

Մամուկա Բախտաձեի հրաժարականի պատճառների մասին անդրադարձ էր կատարել նաև BBC-ի ռուսական ծառայությունը: