Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին
Ամերիկուհի տիեզերագնաց Ջեսիկա Մեյրը, որը սեպտեմբերի վերջին Միջազգային տիեզերակայան կթռչի, չի բացառել, որ Քրիստինա Քուքի հետ բաց տիեզերք դուրս կգա՝ այդպիսով դառնալով պատմության մեջ բաց տիեզերք դուրս եկած առաջին կանայք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Դեռևս 1984թ․ խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին կինը: Պատմության մեջ երկու կանանց մուտքը բաց տիեզերք դեռևս պլանավորվել էր մարտի վերջին՝ ամերիկուհիներ Էնն ՄքՔլեյնի և Քիստինա Քուքի մասնակցությամբ։ Թռիչքը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ ՄքՔլեյնի համար պատրաստի հանդերձանք (սկաֆանդր) չի գտնվել։
«Մենք բոլորս պատրաստ ենք բաց տիեզերք դուրս գալուն։ Այժմ ժամանակացույցն է կազմվում։ Այդ պատճառով դեռևս չգիտեմ՝ ով բաց տիեզերք դուրս կգա»,-ասել է Մեյրը Տիեզերագնացների պատրաստման կենտրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին ի պատասխան։
ՆԱՍԱ-ի տվյալների համաձայն՝ Բայկոնուր տիեզերակայանից «Союз-ФГ» հրթիռակրի թռիչքը նախատեսված է սեպտեմբերի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16։57-ին։ Տիեզերանավի անձնակազմում լինելու են ռուս Օլեգ Սկրիպոչկան, ամերիկուհի Ջեսիկա Մեյրը և ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազզա ալ-Մանսուրին։
Պլանավորվել է, որ Սկրիպոչկան և Մեյրը 187 օր Միջազգային տիեզերակայանում անցկացնելուց հետո Երկիր մոլորակ կվերադառնան 2020թ․ մարտի 30-ին՝ ամերիկացի Էնդրյու Մորգանի հետ միասին։










