«Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել». ռուսական НТВ-ի անդրադարձը Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը (տեսանյութ)

12:37 • 06.09.19

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։

Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում նշվում է, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ 

Լուրերի հաղորդավարը նշում է, որ ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի:

Նշվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները ՍԴ որոշումը ծափողջույններով են դիմավորել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի ընթերցել է նախկին նախագահի պաշտպանների ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին:

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։