Իհարկե, միշտ ամուր կանգնած ենք, բայց պետք է ապաստարանները ավելացվեն և կահավորված լինեն. Մարտակերտի քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)

20:11 • 06.09.19

Մարտակերտի քաղաքապետի թեկնածու, պահեստազորի ավագ լեյտենանտ Արսեն Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտակերտում քարոզարշավը անցել է նորմալ, առողջ մթնոլորտում, խոչընդոտներ չեն եղել:

Նա չի նկատել, որ գործող քաղաքապետը փորձի անհավասար մրցակցային մթնոլորտ ստեղծել: «Մեր քաղաքը պետք է սերնդափոխություն տեսնի, որ կարողանանք քաղաքը զրոյից վերակառուցել, քաղաքի տեսք տալ: Առաջնային խնդիր է Մարտակերտը մաքրելը ամեն ինչից, ճարտարապետական նորմերին համապատասխանող քաղաքի տեսք փոխանցելը»,-ասաց նա և կարևորեց քաղաքի նկատմամբ քաղաքացիների վերահսկողությունը:

Թեկնածուն ասաց, որ քաղաքում ոռոգման ջրի խնդիր կա, ջրի սակագնի խնդիր կա: «Մարտակերտը հրթիռակոծվել էր Ապրիլյան քառօրյային, ամենակարևոր հարցը անվտանգության հարցն է: Չենք կարող ասել, որ հակառակորդի կողմից ոտնձգություններ չեն լինի, միշտ պատրաստ ենք, ամուր կանգնած ենք, բայց ապաստարանների հարցը պետք է պարտադիր լուծվի:

Ապաստարաններ կառուցվել են, բայց պետք է դրանց թիվը ավելացվի, կան թաղամասեր, որ ընդհանրապես չկան ապաստարաններ, բայց այդ ապաստարաններն էլ պետք է կահավորված լինեն, ապահովված լինեն ջրով, լույսով, կոմունալ հարմարավետություններով, քանի որ չենք կարող ասել, թե որքան պետք կլինի քաղաքացիները մնան այդ ապաստարաններում»,-ասաց նա: