Ջերմուկցի 7 տարեկան երեխայի ասածը, որ Ամուլսարի շահագործումը վտանգավոր է, պետության ամրապնդման համար ավելի ճիշտ է, քան Ավինյանի ասածը. Հ. Սանասարյան

21:33 • 06.09.19

Լիդիանի հետ սկայպ-կոնֆերանսից և փորձաքննության արդյունքի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյաննն այսօր չպետք է հանդիպեր ո՛չ ջերմուկցիների, ո՛չ էլ Լիդիանի ներկայացուցիչների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ սկայպ-կոնֆերանսի ժամանակ ELARD-ը հաստատեց, որ նախագիծը թերի է, կոծկումներ ունի, և նախագծում թաքցրած են կարևորագույն խնդիրներ, որոնք վճռական դեր ունեն:

Սանասարյանն ասաց նաև, որ Ամուլսարի շահագործման նախագիծը պետության դեմ է աշխատում:

«Ես կարծում եմ, որ Կառավարությունը տրամադրված է հանքը բացել: Իսկ նախկինում մտածում էի, որ դա միայն Տիգրան Ավինյանի միտքն է: Ջերմուկցի 7-8 տարեկան երեխան, երբ ասում է՝ հանքը չպիտի շահագործվի, եթե իրոք իրավիճակային վերլուծություն կատարվի,  ես 100 տոկոսով համոզված եմ, որ այդ 7-8 տարեկան երեխայի ասածը պետությունն ամրապնդելու համար ավելի ճիշտ է, քան Տիգրան Ավինյանի:

Վերջինը գտնում է, որ հանքը պիտի շահագործվի, քանի որ մենք կորցնում ենք ներդրողներին, պետության վարկանիշն է ընկնում: Դե եկեք հանքը շահագործենք, կորցնենք մեր բնությունը, մեր ջրային պաշարները, հողը վարակենք ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով, հետո ասենք, որ բոլոր միջազգային ներդրողները մեզնից գոհ են: Դրանից հետո բոլորը կասեն, որ մենք հիմարից հիմարն էինք, որ թույլատրեցինք շահագործել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է  Լիդիանի ներկայացուցիչների և ջերմուկցիների հետ: Նրանք քննարկել են Ամուլսարի շահագործման թեման:

Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման անհրաժեշտություն չուներ: Նրա խոսքով՝ սկայփ-կոնֆերանսից հետո վարչապետը պիտի կասեցներ Ամուլսարի շահագործման թեման: