Թրամփն առաջարկել է «Դորիան» կործանարար փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին զբոսաշրջային նավերի վրա տեղակայել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մատնանշել է «Դորիան» կործանարար փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին զբոսաշրջային նավերի վրա տեղակայելու հնարավորությունը:
«ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը, արտակարգ իրավիճակներում գործողությունների ղեկավարման դաշնային վարչությանը և մյուսներին՝ օգնություն ցուցաբերող երկրների հետ միասին առաջարկվել է մարդկանց Բահամյան կղզիների լրջորեն տուժած շրջաններից այն վայրեր տեղափոխել, որոնք չեն տուժել և գտնվում են լավ վիճակում»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ նախագահն այնուհետ ընդգծել է, որ «կգնահատվեն զբոսաշրջային նավեր ունեցող ցանկացած ընկերության ջանքերը, որոնք իրենց նավերի վրա կտեղափոխեն մարդկանց»:
Անցած հանգստյան օրերին փոթորիկը պատուհասել էր Բահամյան կղզիներին և ավերիչ ազդեցություն ունեցել նրա վրա: Փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի, հազարավոր տներ ավերվել են:























