Բահամյան կղզիների բնակիչը, «Դորիան» փոթորկի հետևանքով տարհանվածների կենտրոնից վերադառնալով, իր տունն ամբողջովին ավերված է հայտնաբերել (տեսանյութ, լուսանկարներ)
Բահամյան կղզիների Մեծ Բահամա կղզու բնակիչը, «Դորիան» փոթորկի հետևանքով տարհանվածների կենտրոնում վեց օր անցկացնելուց հետո տուն վերադառնալով, այն ամբողջովին ավերված է հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը։
Բրեդլի Ֆորբսն ընկել է հուսահատության գիրկը՝ մահաբեր փոթորկի պատճառով Մեծ Բահամայի արևելյան հատվածում տեղակայված իր տունն ամբողջովին ավերված հայտնաբերելով։
Լրատվականների հետ կարճատև զրույցի ընթացքում նա նշել է, որ գուցե զոհերի թիվը հազարների հասնի։
«Ես համոզված եմ, որ ձեր լրագրողները տեսել են գետնին ընկած հազարավոր մարդկանց մարմիններ։ Ես համոզված եմ, որ կան մարդիկ, որոնք ճանաչում են սիրելի և հարազատ մարդկանց կորցրածներին։ Երբ զոհերի հստակ թիվը հայտարարվի, այն էականորեն մեծ կլինի ներկա պահի ցուցանիշներից»,-հավելել է նա՝ նշելով, որ ներկա դրությամբ զոհերի թիվը 43 է:
Ավելի վաղ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել էր Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ավերածությունները պատկերող նոր լուսանկարներ, որոնք պատկերում էին ավերված տներ, շրջված ու ջարդուփշուր եղած մեքենաներ։





















