ՀԷԿ կառուցելու խնդրի հետ կապված դիմել եմ փոխվարչապետի գրասենյակ, ներկայացրել եմ կեղծիքները, բայց պատասխան չեմ ստացել. «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ի լիազորված անձ (տեսանյութ)

22:26 • 09.09.19

2019 թվականի հունիսի երեքին բողոքով դիմել եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Իջևան քաղաքի «Սպիտակ լիճ» ջրամբարի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվության պահանջով, ներկայացրել եմ իմ բացահայտած կեղծիքները, սակայն մինչ այսօր պատասխան չեմ ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում իր կառավարության դիմաց  բողոքի ակցիա իրականացնող «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ի լիազորված անձ Գոհար Տեր-Անտոնյանը:

«2014 թվականին դիմել եմ Բնապահպանության նախարարություն՝ ջրօգտագործման իրավունք ստանալու նպատակով Իջևան քաղաքի Սպիտակ լիճ ջրամբարի վրա ՀԷԿ կառուցելու համար և հինգ տարի պայքարում եմ, որ կարողանամ կառուցել: Իմացել եմ, որ այդ պատվերի վրա կա ևս մի ՍՊԸ`«Ջրլույս» ՍՊԸ-ն, որն ունի ջրօգտագործում և 2012 թվականին է թույլտվություն ստացել»,-ասաց նա:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դիմել է Իջևանի քաղաքապետարան՝ հարց ուղղելով, թե ինչպես կարող է պատվարը իրեն տրամադրվել, այն դեպքում, եթե այլ մարդու արդեն տրամադրված է եղել:

«Պարզել եմ, որ քաղաքապետարանում այդ ՍՊԸ-ի հետ կապված որևէ պայմանագիր չկա, այնուհետև դիմել եմ Բնապահպանություն նախարարություն, պահանջել եմ այն փաստաթղթերը, որի հիման վրա ընկերությունը ստացել է այդ ջրօգտագործումը: Ինձ տրամադրել են փաստաթղթերը, պայմանագրերը, որոնք պարզվեց՝ կեղծ են»,-ասաց նա և նշեց, որ թեև գործ է հարուցվել, բայց քննչական բաժինը գործը երկու ամիս քննելուց հետո կարճել է:

Գոհար Տեր-Անտոնյանն ասաց, որ «Ջրլույս» ՍՊԸ-ն պատկանում է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: «Կառավարության հետ եկել եմ մի հարցով, որ ինձ պատասխան տրվի, և ես վերջապես ստանամ ջրօգտագործում: Բոլոր կեղծիքները նշել եմ, որոնք բացահայտել եմ, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել»,-ասաց նա:

Գոհար Տեր-Անտոնյանը նշեց, որ երբ վերջերս կրկին դիմել է նախարարություն՝ պարզելու խնդիրը, իմացել է, որ Վարուժան Ներսիսյանը շատ սերտ կապեր ունի շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

«Ես այս հարցում տեսնում եմ միտում Բնապահպանության նախարարության կողմից: Ես պահանջում եմ այս հարցը լուծվի, որ ես կարողանամ իմ շինարարությունը սկսել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու փոխվարչապետի գրասենյակը մինչ հիմա պատասխան չի տվել, նա ասաց, որ միայն կարող է ենթադրել՝ գուցե նախարարի գործոնը կապ ունի. «Բայց քանի որ 5 տարի զբաղվում եմ իմ սեփական հետախուզումով և ահագին կեղծիքներ եմ հայտնաբերել, կփորձեմ սա էլ պարզել, թե ինչն է պատճառը»:

Մանրամասները` տեսանյութում: