Այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
Այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար, մինդչեռ բնապահպանական անհանգստությունները շարունակում են մնալ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։
«Այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար, բայց բնապահպանական անհանգստությունները շարունակում են մնալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունն իրականացնի իր ստուգումները, բնապահպանության նախարարությունը ևս պետք է հետևողական լինի մինչև հանքի շահագործումը», - ասաց նա։
Միևնույն ժամանակ պատգամավորը սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Նրա կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը հաշվի է առնել բոլոր ռիսկերը։ Ինչ վերաբերում է խմբակցության մեջ այս հարցի շուրջ տարակարծություններին, նա շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում որևէ պառակտում չկա։
«Կարծում եմ, որ այսօր, եթե հարցնեք պատգամավորներից, ապա յուրաքանչյուրը կշարունակի պնդել իր կարծիքը, քանի որ կա զուտ կարծիքների տարբերություն»,- շարունակեց Խանդանյանը:
Հարցին՝ անձամբ ինքն այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի, Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կան բազմաթիվ մտահոգություններ: Ես մասնագետ չեմ, որպեսզի հասկանամ՝ որ մտահոգություններն են օբյեկտիվ, որոնք՝ ոչ։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս ճանապարհով բավականաչափ ժամանակ կունենանք ուսումնասիրություններ անցկացնելու»:










