Եթե կառավարությունը 10 օրվա ընթացքում Ամուլսարը չգործարկելու մասին վերջնական որոշում չկայացնի, գործադուլներ ու դասադուլներ կանենք. Ջերմուկում տեղի ունեցավ Ամուլսարի վերաբերյալ քննարկում (տեսանյութ)

20:50 • 09.09.19

22:40

Մենք ի սկզբանե ասել ենք, որ որդեգրում ենք պայքարի խաղաղ ու ոչ բռնի ձևը, որի մեջ մտնում են գործադուլները, դասադուլները, ոչ միայն Հայաստանում, դրա մեջ մտնում է  զորահավաքները: Այս մասին Ջերմուկում ընթացող բաց քննարկմանն ասաց Շիրակ Բունաթիանը:

«Եթե կառավարությունը քայլ չի անում, ժողովուրդն անում է իր քայլը»,- ասաց նա և այդ առաջարկն ընդունվեց քննարկման մասնակիցների կողմից:

«Ուզում եմ լավ տրամադրություն ունենանք, ուզում եմ հավատանք հեղափոխությանը, քանի որ բոլորիս համար մեծ հարված կլինի, եթե պարզվի, որ մենք սխալվել ենք և դա հեղափոխություն չէր: Դրա համար եկեք հավատանք, որ հեղափոխություն եղել է և այդ ճանապարհով իշխանության եկած մարդիկ չեն կարող կայացնել հակաժողովրդական որոշումներ»,- ասաց նա:

22:31

Սփյուռքի ներկայացուցիչ Արամ Մկրտչյանը նշեց, որ Սփյուռքը դեմ է Ամուլսարի շահագործմանը և պատրաստ է վճարելու ու այդ խնդիրը փակելու: «Ամուլսարի շահագործման վճարների գումարների խնդիրը համարում եմ լուծված, եթե վարչապետը ունի փողի խնդիր և չի կարողանում լուծել հարցը, ապա կարող է դիմել և մենք այդ հարցը կլուծենք: Ես իմ գրպանում չունեմ այդ խնդիրները, բայց ունեմ այնքան ռեսուրս, որ այդ խնդիրը կարող եմ փակել»,- ասաց նա:

Նա հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը չի գնա ըմբոստացման ճանապարհով, քանի որ այս պարագայում դա պետության կործանման առաջին ակտը կլինի: Մեզ պարտադրում են ցնցումներ, մեզ ցնցումներ պետք չեն: Սա ինտելեկտուալ Սարդարապատ է, որտեղ կարող է հաղթել միայն ինտելեկտը»,- ասաց նա:

22:14

Ոնց վարչապետն է անձեռնմխելի, այնպես էլ Ամուլսարը: Այս մասին Ջերմուկում ընթացող բաց քննարկմանը դահլիճից հայտարարեց քաղաքացիներից մեկը: 

Միջազգային կարգի սպորտի վարպետ, կարատեի ֆեդերացիայի նախագահ, «ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիրներից Աշոտ Աշոտյանը նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը գենոցիդի խնդիր է:

«Այսօր Հայաստանում որոշողը, տերը ժողովուրդն է, ոչ թե բառերով` մենք ենք տերը մեր երկրի, այլ գործով պետք է ապացուցենք: Մտքներովդ չանցնի, որ դուք այս պայքարում մենակ եք, պարզապես դժվարն այն է, որ դուք առաջին գծում եք, բայց մի վայրկյան կասկած չունենք, որ ձեր կողքն ենք կանգնելու: Եթե մեզ հետ ինչ-որ խնդիր կա, մենք բոլորին կդիմավորենք սարերում»,- ասաց նա:

Ահարոն Արսենյանը նշեց, որ այս օրերին, բացի մտահոգված քաղաքացիներից, քաղաքական գործիչներից կգան այնպիսի մարդիկ, որոնց նպատակը սադրելը կլինի:

22:00

Ջերմուկցի Ահարոն Արսենյանը նշեց, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին: «Մենք միայն կբանակցենք հանքի փակման համար: Մնացածը մեզ չի հետաքրքրում, մենք կյանք ենք տվել, և ակնհայտ է, որ ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- ասաց նա:

Շիրակ Բունաթիանը նշեց, որ հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ ու կես տարի առաջ են փակել: «Երբ կառավարության կողմից կա առաջարկ, որ ապաշրջափակենք ճանապարհները և եթե դա չենք անում, դա դեռ չի  նշանակում, որ դուրս ենք գալիս կառավարության դեմ, հեղափոության գաղափարախոսությունն այլևս չենք կիսում»,- ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, թե հետդարձի ճանապարհ ունեն` ճանապարհները բացելու ճանապարհով, և դահլիճից նշեցին` ոչ: «Այսօր Ամուլսարի հանքարդյունաբերության դեմ պայքարում է  խելամիտ ողջ հայությունը, բայց կորիզը Ջերմուկի բնակչությունն է, մենք մեզ ոնց դրսևորենք, պայքարն այդպես էլ գնալու է»- ասաց նա:

20:50


Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի վերաբերյալ: Քննարկումից հետո նախաձեռնող խմբի անդամները հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային, մանսավորապես՝ վարչապետը խնդրել էր Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Նա նաև նշել էր, որ Տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։ Վարչապետը շեշտել էր՝ չենք կարող անտեսել բնապահպանական ռիսկերը։ Եթե հանքի շահագործումն անվտանգ չէ, այն չի կարող շահագործվել, բայց ընկերությունն ամենաբարձր մակարդակով խոստանում է ապահովել անվտանգությունը և պահպանել բոլոր չափանիշները։