Nissan-ի ղեկավարը պաշտոնը կլքի սեպտեմբերի 16-ին
Ճապոնական Nissan ավտոշինական ընկերության ղեկավար Հիրոտո Սաիկավան սեպտեմբերի 16-ին կլքի իր զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտարարվել է տնօրենների խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ տնօրենների խորհուրդը նախապես համաձայնեցրել է Nissan-ի գործադիր տնօրեն Յասուհիրո Յամաուչիի թեկնածությունը ավտոշինական ընկերության ղեկավարի պաշտոնում։
Nissan ավտոշինական ընկերության շուրջ ստեղծված սկանդալները չեն դադարում, գրում է աղբյուրը։ Անցյալ տարեվերջին հայտնի էր դարձել տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կառլոս Գոնի մեքենայությունների և ձերբակալության մասին։
Ըստ հաղորդման՝ ավտոշինական ընկերության ներկայիս ղեկավարը նույնպես կասկածվում է անօրինական եկամուտների ձեռքբերման մեջ։ Ընկերությունը պարզել է, որ վեց տարի առաջ Սաիկավան այնպես է արել, որ բաժնետոմսերից եկամուտ ստանա իրենց փոխարժեքի բարձրացումից մեկ օր անց, որի արդյունքում վերջինս մոտ 440 հազար դոլար ավելի շատ է ստացել։
Լուրերի շրջանառության ֆոնին Սաիկավան խոստացել էր վերադարձնել բաժնետոմսերի եկամուտների մի մասը, իսկ հանգստյան օրերին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ավտոշինական ընկերության ղեկավարը մտադիր է հրաժարական տալ:










