Մենք հետդարձի ճանապարհ չունենք. բաց քննարկում` Ջերմուկում

21:59 • 09.09.19

Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի վերաբերյալ:  Ջերմուկցի Ահարոն Արսենյանը նշեց, որ հատկապես Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին: «Մենք միայն կբանակցենք հանքի փակման համար: Մնացածը մեզ չի հետաքրքրում, մենք կյանք ենք տվել, և ակնհայտ է, որ ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- ասաց նա:

Շիրակ Բունաթիանը նշեց, որ հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ ու կես տարի առաջ են փակել: «Երբ կառավարության կողմից կա առաջարկ, որ ապաշրջափակենք ճանապարհները և եթե դա չենք անում, դա դեռ չի  նշանակում, որ դուրս ենք գալիս կառավարության դեմ, հեղափոության գաղափարախոսությունն այլևս չենք կիսում»,-ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, թե հետդարձի ճանապարհ ունեն` ճանապարհները բացելու ճանապարհով, և դահլիճից նշեցին` ոչ: «Այսօր Ամուլսարի հանքարդյունաբերության դեմ պայքարում է  խելամիտ ողջ հայությունը, բայց կորիզը Ջերմուկի բնակչությունն է, մենք մեզ ոնց դրսևորենք, պայքարն այդպես էլ գնալու է»- ասաց նա: