Ամազոնյան անտառի կենտրոնական հատվածում գիտնականները խոշոր հնագիտական համալիր են հայտնաբերել
Բրազիլացի գիտնականները հնագիտական առարկաների խոշոր համալիր են հայտնաբերել Կենտրոնական Ամազոնիայում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գիտնականների կարծիքով՝ նախքան եվրոպացիների ժամանումը այդ տարածքում բազմաթիվ հնդկացիներ են բնակվել:
Հնագետները հայտնագործությունն արել են Տեֆե ազգային պարկի խորքերում Սոլիմոյնս գետի միջին հոսանքներում արշավ իրականացնելիս: Մեկ ամսվա ընթացքում 40 մասնագետ ուսումնասիրել է նախակոլումբոսյան ժամանակաշրջանի 5 բնակավայր: Նրանց օգնելու են եկել նաև Ամազոնի այդ վտակի ափամերձ հատվածների բնակիչները:
Մասնագետների խոսքով՝ գտածոները պատկանում են թեև միմյանց հետ կապ ունեցող, սակայն ամբողջովին տարբեր բնակավայրերի, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն է ունեցել:
Գտնված իրերը վկայում են այն մասին, որ նախքան 1500 թվականը, երբ ժամանակակից Բրազիլիայի տարածք են հասել պորտուգալացի գաղութարարները, ամազոնյան անտառներում բնակվել են բազմաթիվ բնիկ ժողովուրդներ:
Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են աճյունասափորներ, կերամիկական սպասք, տարածաշրջանին բնորոշ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր: Դրանցից մի մասի տարիքը, նախնական գնահատումներով, կարող է հասնել 2-3 հազար տարվա:
Այդ վայրերում զարգացած քաղաքակրթության գոյության ևս մի ապացույց գիտնականները համարում են բրազիլական ընկույզի պուրակը, որը գետի ափերից տարածվում է դեպի անտառի խորքերը: Այդ մշակաբույսի զարգացումը մեծապես կապված է մարդկային խնամքի հետ:













