Apple-ի ամենամյա շնորհանդեսին ներկայացվեց նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը. iPhone 11 Pro-ն հասանելի կլինի 4 երանգով (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

21:02 • 10.09.19

23:08

Ինչպես հաղորդվեց, Apple-ի խանութներում կգործի Apple Watch Studio տաղավարը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա իր համար ցանկացած գոտի ընտրել՝ այն համադրելով Apple Watch սմարթ ժամացույցի կորպուսի հետ:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ին Apple-ը պատրաստվում է վերաբացել Նյու Յորք Սիթիի Հինգերորդ պողոտայի հայտնի խանութը, որը փակվել էր վերանորոգման նպատակով: Այժմ այն Apple–ի ամենամեծ խանութն է աշխարհում:

22:49

iPhone 11 Pro մոդելի արժեքը կմեկնարկի 999 դոլարից, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 1099 դոլար: Նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 13-ից: iPhone XR-ի արժեքը կմնա 599 դոլար, իսկ iPhone 8-ինը՝ 499 դոլար:

Նորագույն սմարթֆոնները կլինեն առավել ջրակայուն և դիմացկուն փոշու նկատմամբ, ինչպես նաև կունենան անլար լիցքավորման հնարավորություն:

22:40

Pro մոդելի գլխավոր առանձնահատկությունը երեք ոսպնյակ ունեցող 12 ՄՊ կետայնությամբ տեսախցիկն է:

Առաջին անգամ «այֆոններում» գործարկվել է տեսախցիկի Deep Fusion գործառույթը, որը թույլ է տալիս 9 տարբեր լուսանկարներ անել մեկ հպումով, ինչպես նաև լուսանկարներ ստեղծել՝ ներառելով բոլոր մանրուքները:

22:28

Հաջորդիվ ներկայանում է iPhone 11 Pro սմարթֆոնը, որը հասանելի կլինի ոսկեգույն, արծաթագույն, տիեզերական մոխրագույն, կանաչ երանգներով:

Այս մոդելը ներկայանում է երկու չափսի էկրանով՝ 5.8 դյույմ և 6.5 դյույմ անկյունագծով: Սմարթֆոնի A13 Bionic պրոցեսորը հնարավորություն է տալիս մեկ վայրկյանում 1 տրիլիոն գործողություն կատարել:

Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, iPhone 11 Pro սմարթֆոնի պարագայում այն 4 ժամով ավելի երկար կտևի, քան XS մոդելինը, իսկ 11 Pro Max-ի պարագայում՝ 5 ժամով ավելի երկար, քան iPhone XS Max-ինը:

 

22:16

iPhone 11-ի մարտկոցն առանց վերալիցքավորման կաշխատի մեկ ժամով ավելի երկար, քան iPhone XR մոդելինը: Գաջեթը կարժենա 699 դոլար: Նոր iPhone-ը կաշխատի Apple-ի A13 Bionic chip պրոցեսորով, որն ընկերության պնդմամբ ամենաարագն է, որը երբևէ ներկայացվել է սմարթֆոններում:

Սմարթֆոնը ներկայանում է 12 ՄՊ տեսախցիկով, որն առավել լավ լուսանկարներ կպատկերի նաև գիշերային ռեժիմով: Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը թույլ կտա պատկերել մինչև 120 ատիճան տեսադաշտով կադր:

22:04

Վերջապես ներկայացվում է նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը: iPhone 11 սմարթֆոնը ներկայանալու է 6 գույնով՝ կանաչ, սև, մանուշակագույն, դեղին, կարմիր, սպիտակ: Այն համալրված է 6.1 դյույմ անկյունագծային էկրանով:

22:00

Apple Watch Series 5 մոդելի մարտկոցն աշխատում է 18 ժամ: Այն համալրված է ներկառուցված կողմնացույցով: Այս մոդելի արժեքը մեկնարկում է 399 դոլարից, իսկ Apple Watch Series 3 մոդելը կարժենա 199 դոլար: Գաջեթը հասանելի կլինի ոսկեգույն, արծաթագույն և տիեզերական մոխրագույն երանգներով:

21:45

Հաջորդիվ ներկայացվում է Apple Watch սմարթ ժամացույցը, որը, ըստ ընկերության մասնագետների, կարող է օգնել մարդանց կյանքեր փրկելու հարցում: Ցուցադրված տեսահոլովակում մարդիկ պատմում են, թե ինչպես է Apple Watch-ը օգնել տարբեր իրավիճակներում, ինչպես օրինակ՝ այն ավտոմատ կերպով «շտապ օգնություն» է զանգում, եթե օգտատերն ընկնում է:

Գաջեթի օգտակարությունը զգացած անձինք պատմել են, թե ինչպես է սարքի օգնությամբ փրկվել հղի կնոջ երեխան, սրտի նոպա ունեցող տղամարդը, և թե ինչպես է դրա միջոցով լսողության խնդիր ունեցող մարդը ծանուցում ստանում երեխայի լացի դեպքում:

21:33

iPad-ը ներկայանում է 10.2 դյույմ անկյունագծային Retina էկրանով, մինչդեռ նախորդ սերնդի մոդելը 9.7 դյույմ անկյունագծով էկրան ուներ: Նորագույն մոդելը համալրված է Apple-ի Smart Connector-ով, որի միջոցով գաջեթը հնարավոր կլինի միացնել Apple-ի սմարթ ստեղնաշարին (Apple smart keyboard):
Նորագույն iPad-ը, որը պատրաստվել է վերամշակվող ալյումինից, կարժենա 329 դոլար: Այն արդեն կարելի է պատվիրել այսօր:

21:31

Թիմ Կուկը ներկայացրեց հեռարձակման Apple TV + ծառայությունը, որի ներկայացման ժամանակ ցուցադրվեց Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ See սերիալի թրեյլերը: Ծառայությունը հասանելի կլինի նոյեմբերի 1-ից, և ամսական բաժանորդագրությունը կարժենա 4.99 դոլար:

Apple-ից գաջեթ ձեռք բերելու դեպքում անվճար բաժանորդագրություն է առաջարկվում Apple TV + ծառայության համար:

21:22

Apple Arcade-ը կթողարկվի սեպտեմբերի 19-ին: Բաժանորդագրության արժեքը կկազմի ամսական 4.99 դոլար:

21:18

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում բացելով ամենամյա շնորհանդեսը, շեշտում է, որ ընկերության աշխատանքի հիմքում ընկած են գնորդների ցանկությունները:

Առաջինը ներկայացվում է App Store-ում հայտնվող նորությունները, որոնցից է Apple Arcade առցանց ծառայությունը՝ նախատեսված համակարգչային և բջջային խաղերի համար: Ինչպես նշվեց, այս ծառայությունում ներկայացված խաղերը էքսկլյուզիվ են լինելու, այսինքն՝ դրանք հնարավոր չի լինի գտնել մրցակիցների մոտ:

21:00

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնում երևանյան ժամանակով 21:00-ին մեկնարկում է Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որն, ավանդույթի համաձայն, անցկացվում է սեպտեմբերին:

Միջոցառման ժամանակ ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի iPhone 11 շարքի իր նորագույն սմարթֆոնները, նոր սերնդի սմարթ-ժամացույցը և  այլ նորույթներ:

Դրանց թվում կարող են լինել MacBook նոթբուքը, iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, Apple TV+ հեռարձակման համակարգի և այլ ծառայությունների ոլորտում իրականացվող նորարությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը կներկայացնի սմարթֆոնի մի քանի տարբերակներ՝ iPhone 11, iPhone 11 Pro, iPhone XR 2:



Apple-ի ամենամյա շնորհանդեսին ներկայացվեց նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը. iPhone 11 Pro-ն հասանելի կլինի 4 երանգով (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)