Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

23:31 • 08.10.19

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քորթնի Քարդաշյանն իր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տարել նաև իր երկու երեխաներին:

Քարդաշյան քույրերին ուղեկցել և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի ու դրան նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։