Դատարանն ամբողջությամբ բավարարել է Կոստանտին Օրբելյանի հայցը․ նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

18:47 • 08.10.19

Դատարանը բավարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:

«Դատարանն այսօր հրապարակեց վճիռը․ մեր հայցն ամբողջությամբ բավարարվել է: Համաձայն վճռի՝ անվարեր է ճանաչվել Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 28-ին պարոն Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը, և պարոն Օրբելյանը վերականգնվել է իր՝ թատրոնի տնօրենի պաշտոնին»,- նշեց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի վճիռի հիման վրա պարտավորեցվել է վճարել Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը: Նաև պարտավորեցվել է վճարել Օրբելյանի դատական ծախսերը: «Սկսած ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի իր պարապուրդի գումարը մինչև նրա փաստացի վերականգնման օրը, և վճարվի պարոն Օրբելյանին: Նախարարությանը և թատրոնին պարտավորեցվել է վճարել նաև դատական ծախսերը, դա փաստաբանի վճարն է, խելամիտ վարձատրության գումարն է 470000 դրամ, նաև նախարարությունը և օպերային թատրոնը պետք է վճարեն պետական տուրքի գումարը, որը կազմում է պարապուրդի գումարի 2 %-ը»,-ասաց փաստաբանը:

Վճիռն օրինական ուժ է ստանալու 30 օր հետո: 

Փաստաբանը նշեց նաև, որ տեղյակ չեն՝ պատասխանող կողմը կբողոքարկի որոշումը,թե ոչ, դա պատասխանող կողմի դատավարական իրավունքն է և հավելեց, որ եթե անգամ բողոքարկեն տարբեր դատական ատյաններում, իրենք շարունակելու են պնդել իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ազատման հրամանն Օրբելյանը ստացել էր 2019 թվականի մարտի 28-ին:

Հիշեցնենք նաև, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: