ԱԺ-ում ամփոփվել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները․ այլ հարցերի հետ մեկտեղ կարևորվել է ՀՀ-ի՝ Եվրոպայի խորհրդի բանկին անդամակցելու հարցը

23:40 • 08.10.19

Հոկտեմբերի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Միքայել Մելքումյանը մանրամասներ են ներկայացրել Ստրասբուրգում կայացած վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներից:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի պատվիրակության նախաձեռնած միջոցառումը, որի քննարկման թեման «գորշ գոտիներում» բնակվող մարդկանց իրավունքներն էին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աջակցությամբ Ստրասբուրգ է մեկնել և մասնակցել միջոցառմանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, անդրադարձել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Անդրադառնալով միջոցառմանը՝ Հովհաննես Իգիթյանը տեղեկացրել է, որ Վեհաժողովի գլխավոր քարտուղարն իր զեկույցում նշել է, որ կառույցը պատրաստվում է մյուս տարի լուրջ դերակատարում ունենալ նման գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կարևոր և աննախադեպ գնահատելով անցկացված միջոցառումը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ մարդու իրավունքների հանձնակատարը լինի Արցախում, չճանաչված մյուս պետություններում, քանզի դա է ԵԽԽՎ մանդատը: Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի նիստում խոսել է նաև սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցող դիտորդները դրանք համարել են ազատ, թափանցիկ և ժողովրդավար: Ըստ բանախոսի՝ ԵԽԽՎ-ն պարտավոր է հաշվի առնել և արձագանքել այդ ընտրություններին:

Ըստ պատվիրակության անդամների՝ Ադրբեջանի պատվիրակությունն այս նստաշրջանում իրեն դրսևորել է ավելի ագրեսիվ, քան նախորդներում: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հնչեցրած անհեթեթ հայտարարություններին հայ խորհրդարանականները պատասխանել են՝ հենվելով ԵԽ օրենսդրությանը:

Միքայել Մելքումյանը կարևորել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի բանկին անդամակցելու հարցը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նստաշրջանի վերջին նիստում նշվել է կառույցի 70-ամյակը: Այդ շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի խորհրդի գործունեությանն առնչվող հարցերի:

Նստաշրջանի ընթացքում Վլադիմիր Վարդանյանն ընդգրկվել է ՄԻԵԴ դատավորների ընտրության կոմիտեում, Ռուբեն Ռուբինյանը՝ մոնիթորինգային հանձնաժողովում:

Նշվել է, որ Հայաստանը ներկայացված է Վեհաժողովի առանցքային բոլոր հանձնաժողովներում: