ՀՀ որդեգրած ռազմավարությամբ կընդլայնվի Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը որդեգրած ռազմավարությամբ պատրաստվում է ընդլայնել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
«ՀՀ Քննչական կոմիտեն ամենամեծ քննչական մարմինն է մեր երկրի, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95%-ը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի, և զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի ՔԿ քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է նաև, որ նախնական որոշակի կառուցակարգային որոշումներ են կայացրել, որոնք ավելի արդյունավետ են դարձնելու քննչական կոմիտեի ու յուրաքանչյուր քննիչի աշխատանքը։
Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, որից հետո վարչապետը պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել ՔԿ ծառայողներին։
ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:










