Կակաչների փունջ. Փարիզի՝ 2015-ի ահաբեկչությունների զոհերին նվիրված քանդակը տարակարծություն է առաջացրել բնակիչների շրջանում (լուսանկարներ, տեսանյութ)
Փարիզում բացվել է ամերիկացի քանդակագործ Ջեֆ Կունսի նոր ստեղծագործությունը, որը նվիրված է 2015-ին ֆրանսիական մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, քանդակագործը «Կակաչների փունջը» նվիրել է Փարիզին: 12 մետր բարձրություն ունեցող քանդակը տեղադրվել է Շանզ Էլիզեի (Ելիսեյան դաշտեր) հարակից այգում:
Քանդակագործի խոսքով՝ քանդակը համերաշխության և հարգանքի տուրք է զոհվածների հիշատակին և նրանց հարազատներին:
Քննադատները, սակայն, այդ թվում և արվեստի աշխարհի ներկայացուցիչներ տարակարծիք են ստեղծագործության վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է գունավոր կակաչների փունջ բռնած ձեռք: Ծաղիկները պատրաստված են բրոնզից, պողպատից և ալյումինից: Շատերին քանդակը դուր չի եկել. կակաչը, ըստ նրանց, չի ընկալվում որպես հարգանքի նշան: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ այն աղավաղում է Փարիզի բնապատկերը:
Հիշեցնենք, որ 2015 թ․-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների հետևանքով Փարիզում 130 մարդ էր մահացել, այդ թվում՝ 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը, որը ռոք խմբի համերգի էր այցելել «Բատակլան» համերգասրահում:













