Վազել և բարեգործություն անել. հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը (տեսանյութ)

15:36 • 09.10.19

Երևանի քաղաքապետարանը «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթի կազմակերպչական խմբի ղեկավար Անահիտ Ադամյանը: 

Նրա խոսքով՝ այն նպատակ ունի Հայաստանում զարգացնելու վազքի մշակույթը, քաղաքացիների շրջանում խթանելու առողջ ապրելակերպը, ինչպես նաև զարգացնելու տուրիզմը Հայաստանում: 

«Մարաթոնն այնպես ենք կազմակերպել, որ քիչ թե շատ մարզված մարդիկ կարողանան մասնակցել: Ունենք 5 մրցատարածություն: 1 կմ երկարությամբ մրցատարածությունը մինչև 12 տարեկան երեխաների համար է նախատեսված, 13 տարեկանից մեծ երեխաները կարող են վազել 5 կմ, 16 տարեկանից բարձրները կարող են վազել 12 կմ, 18-ից բարձրները՝ 21 կմ և 42 կմ մրցատարածություն: Ինչպես գիտեք, 42 կմ-ն ավանդական մարաթոնյան մրցատարածությունն է»,-ասաց Ադամյանը:

Վերջինս նաև նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել նաև 0 տարեկան երեխաները. «Նրանք, իհարկե, չեն կարող վազել, փոխարենը սայլակներով վազում են մայրիկները»:

Ա. Ադամյանը նաև նշեց, որ մրցույթի բոլոր մասնակիցները ստանալու են մեդալներ: Իսկ մրցույթից գոյացած հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար պետք է առցանց գրանցվել Yerevan.run կայքում:

Մանրամասները՝ տեսանյութում: