«Ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը». Արմեն Սարգսյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի և ՍԴ-ի շուրջ իրադարձությունների մասին

12:23 • 02.11.19

Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնության հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է պատասխանը 168.am-ին։

Հիշեցնենք, որ 168.am կայքը «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի՝ որպես Սահմանադրության երաշխավորի կարծիքն ու դիրքորոշումն իմանալու համար գրավոր հարցում է արել:

«Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ կիրառումը: Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։