ՀՅԴ-ն տապալել է ոլորտի կառավարումը, պատրաստվում եմ ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել տասնյակ քրեական գործերով և ուղարկել իրենց․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

13:27 • 07.11.19

Ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից իր հրաժարականի պահանջին:

Հարցին` դա ե՞րբ կլինի՝ նախարարն ասաց` չի կարող պատասխանել, տարբեր իրադարձություններ կարող են լինել, բայց սա այդ իրավիճակը չէ:

Նախարարի խոսքով` ոլորտային բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որ կարող են նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է:

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել, բայց ինչքան երեկ հասկացա` նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպել և դնել, պարզապես քաղաքական ակցիաներ են իրականացնում»,-նշեց նախարարը:

Հարությունյանն ասաց`ցանկանում է դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, որ տեր կանգնեն իրենց կուսակցությանը:

«Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է «Դաշնակցությունը», պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,-մեկնաբանեց Հարությունյանը` նշելով, որ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չի տեսնում:

«Ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտում բարեփոխումներից հետո, որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի կառավարումը, և, ճիշտն ասած, պատրաստվում եմ իրենց` երեկ բերած արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Այժմ ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից՝ հավաքել իրերն ու հեռանալ։