Կայանատեղիների թանկացումը հարկերի թաքնված բարձրացում է. երևանցիները՝ կայանատեղիների թանկացման մասին (տեսանյութ)
Մամուլում քննարկում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման հարցում փորձում է նոր մոտեցում դրսևորել՝ կայանատեղերի գնի թանկացում, մեքենաների սահմանափակ մուտք Երևանի կենտրոն:
Ըստ այդ մոտեցման՝ որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ կայանման վճարի գոտիավորման կիրառում, որոշ տեղերում էլ (հիմնականում կենտրոնի մի շարք հատվածներում) կայանումն ավելի թանկ կլինի:
Tert.am-ի հարցման ընթացքում քաղաքացիները տվյալ մոտեցման վերաբերյալ նշեցին՝ դա ճիշտ չէ. «Առանց այդ էլ թանկ էին, էլ ի՞նչ թանկանան: Առանց որևէ ծառայություն մատուցելու՝ փողեր է գանձվում, իմաստը ո՞րն է: Սա հարկերի թաքնված բարձրացում է: Եթե դուք տրանսպորտի հարց չեք լուծել, նման բաներով պարզապես մարդկանց դժգոհությունն եք ավելացնում»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացու դիտարկմամբ՝ նման որոշումներն օդից կախված, անիմաստ, առանց մտածելու, առանց վերլուծությունների որոշումներ են: Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ ինչի սպասարկում կա՞, որ գումար մուծենք:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք էլոյանն ավելի վաղ հայտնել էր, որ սկզբունքային նոր մոտեցումներ են տարվում տրանսպորտային համակարգում: Ըստ Էլոյանի՝ լուծումն ավտոկայանատեղիների քանակի սահմանափակումն է:









