Մեկնարկել է «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը
Դեկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագրի մեկնարկի միջոցառումը։
Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։
Ծրագիրը, որն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում, նպատակ ունի բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները կզարգացնեն առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ ձեռք կբերեն աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։
Դրան հասնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները․
· կարողությունների կառուցմանն ուղղված բազմասեկտոր համայնքակենտրոն գործողություններ,
· համայնքային սանիտարահամաճարակային հսկողության համակարգեր,
· աղետներին արագ արձագանքելու նպատակով արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ առողջապահական պարագաների պահուստային ֆոնդեր,
· Տեղական առողջապահական մարմիններին աջակցելու նպատակով միջազգային Առողջապահական կանոնակարգերի իրականացման և միջոլորտային համակարգման մեխանիզմները բարելավելու քաղաքականության մշակում։
«Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ համագործակցությամբ։










