Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ճնշումներ կան դատական համակարգի վրա. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ. Pastinfo.am

22:31 • 06.12.19

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ։

Հարցին, թե ըստ իրեն՝ դատարանները այսօր Հայաստանում  իրապե՞ս անկախ են կամ որքանո՞վ են անկախ, և արդյոք ունա՞կ է դիմակայել դիմակայել իշխանության մյուս՝  գործադիր ու օրենսդիր ճյուղերից եկող ճնշումներին, Ռշտունին պատասխանել է.

«Այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ:

Համաձայն եմ, որ կան ճնշումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից։ Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը, կարելի է ասել, դեռևս դիմացել ենք, բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար և ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր և գործադիր իշխանությունները։

Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն համագործակցում, գուցե  բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք  և վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն, չգիտեմ։  Ավելի հակված եմ մտածելու, որ դժվար թե դիմակայի։

Դիտարկմանն առ այն, որ դասագրքային ճշմարտություն է, որ դատական իշխանությունը պետք է տարանջատված և անկախ լինի օրենսդիր ու գործադիր  իշխանություններից, բայց  իշխանության ամենաբարձր օղակներից մինչև պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն,  որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն  ձևավորի և հարցին՝ ի՞նչ է կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ, Ռշտունին պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ  քաղաքական իշխանությունը միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Մենք՝ դատավորներս, մոտավորապես  240-ն ենք, մեզ հասարակության ենթադրենք 10 տոկոսն անգամ կարող է չճանաչել։ Ես պայմանական թվեր եմ ասում, բայց օրինակ նույն հասարակության 70 տոկոսը վստահել է իշխող ուժին և եթե այդ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ  դատարանները վատն են, հասարակության մեծամասնության մոտ կարծիքն այդպես է ձևավորվում, որ, այո, վատն են և դատական իշխանությունը չի ծառայում այն նպատակին, որի համար ստեղծված է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: