«Հայաստանի դեմ հարձակման պլանը դեռ ուժի մե՞ջ է». Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և պահանջել է պատասխանել վերջերս բացահայտված՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական պլանին վերաբերող մի քանի հարցի:
«Վերջերս լրատվամիջոցներում հայտնվել էր մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված «Ալթայ» ծրագրի «Օղուզթուրք» ռազմաօդային գործողությունը, որը մեծ անհանգստություն է պատճառել Հայաստանի ժողովրդին:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ուղղել ենք հետևյալ հարցումները.
· Արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ ունի նման ծրագիր: Խնդրո առարկա ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է:
· Ի՞նչ պատրվակով և ի՞նչ նպատակով է այս ծրագիրը կազմվել:
· Արդյո՞ք Հայաստանի ժողովրդի շրջանում առաջացած մտահոգությունը փարատելու և խաղաղության ակնկալիքը վերակենդանացնելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկելու եք»:
Նշված հարցադիմումը Փայլանը հրապարակել է Facebook-ի իր էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին:
Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Օղուզթուրք» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ գործողությունը կոդավորված է եղել «Ալթայ» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:










