Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ՝ նախկին համակենտրոնացման ճամբար, և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին

22:53 • 06.12.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմում գտնվող թանգարան, որտեղ նախկինում եղել է Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարը, հաղորդում է BBC-ն։

«Սա կանցլեր Մերկելի առաջին և պատմության մեջ գործող Գերմանիայի կանցլերների կողմից երրորդ այցն է Օսվենցիմ»,- տեղեկացրել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ Մերկելը մի քանի ժամ անցկացրել է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանում և հարգել զոհերի հիշատակը։

Լեհաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Օսվենցիմում երկու երկրների կառավարությունների ղեկավարների այս հանդիպումը հիանալի հնարավորություն է հիշեցնել աշխարհին նացիստական Գերմանիայի կողմից Օսվենցիմում և այլ համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, ցեղասպանության միլիոնավոր զոհերի և այն մասին, թե որքան կարևոր է նրանց հիշատակը վառ պահելը և մեր օրերում ճշմարտության մասին համարձակորեն խոսելը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը մահվան պատի մոտ ծաղիկներ է դրել, ինչպես նաև դիտել է թանգարանային ցուցադրությունը։