Մեքսիկայում ավելի քան 20 մարդու են առևանգել նարկոլոգիական կլինիկայից. առևանգվածների մի մասին դեռևս չի հաջողվել գտնել

12:57 • 06.12.19

Մեքսիկայում չորեքշաբթի զինված անձանց կողմից առևանգված թմրանյութերից կախվածություն ունեցողների վերականգնողական կենտրոնի տասը հիվանդի դեռևս հնարավոր չի եղել գտնել, 13 հոգու էլ հինգշաբթի հայտնաբերել են առանց հագուստի ու կոշիկների: Այս մասին հայտնել է Մեքսիկայի կենտրոնական Գուանահուատո նահանգի գլխավոր դատախազը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրապուատո քաղաքի հիվանդանոցից չորեքշաբթի գիշերը զինված անձանց կողմից առևանգված առնվազն տասը հոգու գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ»,- հայտնել է դատախազ Կառլոս Սամարրիպա Ագիրրեն:

Իրապուատոյի փողոցներում գտնված 13 երիտասարդները, որոնց փողոց էին նետել առանց կոշիկի ու հագուստի, պատմել են, որ առևանգողներն իրենցից ցանկացել են իմանալ թմրանյութերի բաշխման վայրերի մասին:

Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն` Մեքսիկայում աճում է առևանգման դեպքերի թիվը. միայն 2019 թվականին օրական միջինը 5 մարդու են առևանգել:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության մեծ ալիք է բարձրացել, որը մեծապես պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար նարկոկարտելների միջև պայքարով: 2018 թվականին Մեքսիկայում գրանցվել է սպանության դեպքերի ռեկորդային թիվ` Անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33 հազար դեպքի մասին (2017թ.-ին՝ 31,2 հազար):