Զելենսկին խոստացել է զարգացնել բանակը և անել ամեն բան՝ այն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դոնբասում Միացյալ ուժերի գործողության տարածքի զինծառայողների հետ և խոստացել անել հնարավոր ամեն բան՝ Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու համար: Զելենսկու խոսքը հեռարձակվել է նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Այդ պատճառով մենք կանենք ամեն բան` կյանքի կոչելու Ուկրաինայի զինված ուժերի համար այդքան անհրաժեշտ փոփոխությունները, կանենք ոչ թե խոսքով, այլ գործով` մոտենալով ՆԱՏՕ-ի չափանիշներին»,-նշել է Զելենսկին:
Նա ընդգծել է, որ բանակը պետք է մշտապես զարգանա, այն պետք է բարձրացնի իր մարտունակությունն ու մարտական պատրաստությունը:
«Մեր երկիրը ձեր շնորհիվ է գոյատևում: Ոչ ոք չի հարգի այն պետությանը, որը չի սատարում իր բանակին և չի անհանգստանում դրա համար»,- ասել է նախագահը` դիմելով զինծառայողներին:
Հիշեցնենք, որ Զելենսկին Դոնբաս է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի օրվա առթիվ: Նախագահը շնորհավորել է զինվորականներին մասնագիտական տոնի կապակցությամբ և առաջնագծում մարտիկներին այցելելու մտադրության մասին հայտնել:














