«Արդեն քանի տարի է՝ անձնական հեռախոս չունեմ». Թրամփը հերքել է անձնական հեռախոսից օգտվելու մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե ինքն օգտագործում է անձնական բջջային հեռախոս՝ չնայած արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնի խոսակցությունների և հաղորդագրությունների գաղտնալսման սպառնալիքին:
Շաբաթ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով նախկին պաշտոնյաների և հետախուզական ծառայությունների աշխատակիցների, հայտնել էր, որ Թրամփը շարունակում է օգտագործել անձնական բջջային հեռախոս, որը նա ունեցել է մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը: Հաղորդվում է, որ դա վերաբերում է նաև վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարած զանգերին, հակառակ բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները կարող են իրեն խոցելի դարձնել արտասահմանյան դիտարկման համար:
«Դրանք բացարձակապես կեղծ տեղեկություններ և հաղորդագրություններ են: Արդեն քանի տարի է՝ անձնական հեռախոս չունեմ: Օգտագործում եմ միայն կառավարության կողմից հաստատված և թողարկված հեռախոսները»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախկին iPhone-ները շատ ավելի լավն էին, քան այժմյան iPhone-ները՝ անուղղակիորեն հաստատելով, որ օգտվում է iPhone-ից:
Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատվել է անձնական հեռախոսից օգտվելու համար: Քննադատների տեսանկյունից՝ դա կարող է թույլ տալ օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնալսել նախագահի զանգերը:










