Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. զոհերի թիվը հասել է 16-ի
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Al-Hadath հեռուստաալիքին:
Զինված մարդկանց խումբը քաղաքացիական մեքենաներով մոտեցել է Էլ Հիլյանի հրապարակ և կրակ բացել այդտեղ գտնվող ցուցարարների ուղղությամբ: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած այս պրովոկացիայի հետևում: Ցուցարարները բանակին կոչ են արել միջամտել և պաշտպանել իրենց:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր 10 զոհի մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ: Ցույցերն արագ վերաճել են անկարգությունների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպես նաև հարավային նահանգներում:










