Հունաստանում անկարգություններ են տեղի ունեցել 2008 թվականին սպանված դեռահասի հիշատակին նվիրված երթերի և միջոցառումների ժամանակ. ձերբակալվել է մոտ 80 մարդ (լուսանկար)

14:03 • 07.12.19

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է երկրի տարբեր քաղաքներում 2008 թվականին սպանված դեռահաս Ալեքսիս Գրիգորոպուլոսի հիշատակին նվիրված երթերի և միջոցառումների ժամանակ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար 77 հոգու ձերբակալելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

2008 թվականի դեկտեմբերի 6-ին Էքսարհիա շրջանում երիտասարդների՝ ոստիկանների հետ քաշքշոցի ընթացքում չպարզված հանգամանքներում կրակոցից սպանվել էր 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսը, որից հետո երկու շաբաթ շարունակ տեղի էին ունեցել բողոքի ցույցեր: Մինչև այժմ ամեն տարի դեռահասի սպանության օրը երկրում անկարգություններ են տեղի ունենում:

«Ոստիկանական ուժերն անմիջապես հակահարված են տվել խմբերին, որոնք փորձել են անօրինական գործողություններ իրականացնել և հարձակվել են ոստիկանների վրա` նրանց վրա նետելով «Մոլոտովյան կոկտեյլներ» և այլ իրեր»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Աթենքում ձերբակալվել է 50 մարդ, նրանցից 10-ն արդեն կալանավորվել է: Վիրավորվել է մի ոստիկան: Պատրասում ձերբակալվել է 19 մարդ, որոնցից 7-ը կալանքի տակ է առնվել: Վիրավորում է ստացել երկու ոստիկան: Սալոնիկում 8 ձերբակալվածներից 2-ը կալանավորվել է:

 

 

Демонстранты во время акции протеста в Афинах, Греция. 6 декабря 2019