Ֆլորիդայում գտնվող ավիաբազայում տեղի ունեցած հրաձգության հեղինակը սաուդցի զինվորական է. կան զոհեր և վիրավորներ

01:08 • 07.12.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա ավիաբազայում տեղի ունեցած հրաձգության հեղինակը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նահանգապետ Ռոն Դեսանտիսը: Նրա ելույթը հեռարձակել է ABC News հեռուստաալիքը:

Նահանգապետի խոսքով՝ սաուդցին ուսումնառում էր ավիաբազայում: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն զանգահարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը և հրաձգության հետ կապված իր ցավակցությունը հայտնել:

Հիշեցնենք, որ ուրբաթ Ֆլորիդա նահանգում գտնվող Պենսակոլա ավիաբազայում պետք է տեղի ունենային Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հիշատակի արարողություն և դպրոցական ջազ անսամբլի համերգ: Այն կազմակերպվել էր ի հիշատակ 1941-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական ավիացիայի հարձակման տարելիցին, սակայն արարողության մեկնարկից 1 ժամ առաջ ավիաբազայում կրակոցներ են հնչել:

Պատահարի հետևանքով հաղորդվել է 4 զոհի մասին, որոնց թվում՝ նաև հրաձգության հեղինակը: 7 մարդ հոսպիտալացվել է: