Քոչարյանի ազատության համար պայքարող խմբի նպատակն է՝ նրա խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային-քաղաքական պահանջ. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Ակնհայտ է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, սա մեր պետության ամոթն է, սրան գումարած նաև անհեթեթ մեղադրանքները` ներկայացված երրորդ նախագահին. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նա նախ հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, նրանք իշխանությանը կոչ էին արել վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1-ի» գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Վարդանյանը նշեց, որ նաև հույս էին հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա:
«Մոտ երկու ամսվա ընթացքում Հայաստանում, Արցախում նաև համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ, և հիմա մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա, սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը: Կարծում եմ՝ այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1-ի» գործի շուրջ ընթացող զարգացումներ են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ»,- ասաց նա:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, ընդհակառակը՝ վնասում է պետության վարկը, խարխլում է դատական համակարգը, ի վերջո իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա:
«Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ որևէ քաղաքացու, ո՛չ էլ պետությանը: Այս վիճակից պետք է դուրս գալ. ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է, իշխանությունն առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային- քաղաքական պահանջ: Արձագանքելով այդ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»,- ասաց նա:
Վարդանյանը, խոսելով այդ նախաձեռնող խմբի անհրաժեշտության մասին, ասաց, որ այժմ ընթանում է դատաքննություն, եթե կարելի է դա ընթանալ ասել, և Քոչարյանի փաստաբանական խումբն էլ իր աշխատանքը կատարում է, բայց երբ որևէ գործընթաց երկար է տևում, ըստ նրա, դառնում է առօրյա, սովորական, մարդիկ համակերպվում են, անտարբեր են դառնում, մոռացվում է բուն խնդիրը: «Սա է, որ չի կարելի թույլ տալ: Ակնհայտ է՝ նախագահին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, սա մեր պետության ամոթն է, սրան գումարած նաև անհեթեթ մեղադրանքները՝ ներկայացված երրորդ նախագահին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է մարդկանց ուղղորդել դիրքորոշման: «Մեր խնդիրն է լինելու նաև աշխատել տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, աշխատել հատկապես երիտասարդության հետ, որովհետև այս պետության հիմքը երիտասարդությունն է, բայց չի կարող պետությունը սկսվել 2018 թվականից: Մենք նաև ակնկալում ենք և հույս ունենք, որ իշխանությունն ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկարայնությունը և կփորձի ինքն իրեն դուրս բերել այս վիճակից»,- շեշտեց նա:










