«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը շարունակում է կասկածյալ մնալ. նա ցուցմունք չի տվել, հրաժարվում է որևէ կերպ առնչութուն ունենալ ՀՔԾ-ի հետ. փաստաբան

21:08 • 24.12.19

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, թե մինչ այս պահը պարզ չեն ձերբակալության հիմքերը:

«Ձերբակալման արձանագրության մեջ նշված են այլ անձանց գործողություններ, որևէ կերպ նշված չէ Արմեն Թավադյանի կողմից որևէ գործողության կատարում, և վերջում այդ գործողությունները վերագրվել են Արմեն Թավադյանին, որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր ո՞ր գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, թե դեռևս ծանոթ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի ցուցմունքներին և չգիտի, թե վերջինիս դեպքում ինչո՞ւ է խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Առնվազն կարող ենք ակնկալել, որ հակառակ մոտեցում չի կարող լինել Թավադյանի նկատմամբ, որովհետև, եթե ենթադրենք, որ ՀՔԾ-ի կարծիքով՝ ենթադրյալ հանցագործությունը կատարողը Վարուժան Մկրտչյանն է, և որևէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, ապա որևէ տարբերակված մոտեցումը կրկին մեզ կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է հենց Արմեն Թավադյանի դեմ»,-ասաց Խուդոյանը:

Անդրադառնալով հարցին՝ Մկրտչյանի խափանման միջոցը փաստաբանին ինչ-որ ենթադրությունների տեղիք չի՞ տալիս, Թավադյանի պաշտպանն ասաց.

«Շատ ենթադրությունների տեղիք կարող է տալ, բայց այդ ենթադրությունները պետք է փաստարկված լինեն, ներկայացվեն հանրությանը: Ընդհանրապես, խափանման միջոցներ կիրառելիս պետք է առավելագույն մեղմ միջոցը կիրառվի, եթե դրա հնարավորությունն առկա է: Ցանկացած գործով պետք է խիստ անհրաժեշտ լինի կալանավորումը, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք իրականացնի»:

Փաստաբանի խոսքով՝ Արմեն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել այս գործի նկատմամբ, ցուցմունք չի տվել, հրաժարվում է որևէ կերպ առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, ինչքանով իր դատավարական պարտականությունները դա թույլ են տալիս:

«Գտնում է, որ որևէ հիմք չկա այս գործով իրեն քրեական հետապնդման ենթարկելու»,-նշեց Խուդոյանը, ապա հավելեց. «Կարծում ենք, որ գործը Արմեն Թավադյանի՝ ինչ-որ իմաստով քաղաքական գործունեությանը հարող գործունեության, ինչպես նաև որպես ԶԼՄ-ի սեփականատիրոջ գործունեության հետ է կապված՝ վերջինիս լռեցնելու համար»:

Հիշեցնենք՝ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: