Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով. չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից և հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի՝ իմ տված երդմանը. ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյան
Ես չեմ պատրաստվում օգտվել ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի տված հնարավորությունից: Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է հավատարիմ լինել ՍԴ դատավորի՝ իր տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման՝ իր առաքելությունը:
«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ, և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն մինչ օրս բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով, որոշումները կայացվել են պետականության բարձր զգացողությամբ:
Պետրոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությանը գնահատական չտվեց՝ նշելով, որ քանի որ պաշտոնական տեղեկություն չունի կատարվողի վերաբերյալ, իրավական գնահատական չի կարող տալ՝ ասելով՝ հարցաքննությանը համաձայնություն կարելի՞ էր տալ, թե՞ ոչ:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, նա նշեց, թե Գրիգորյանը աշխատանքային նիստերին չի մասնակցում: «Մենք ունեցել ենք Վահե Գրիգորյանի դիտարկումները լսելու պատրաստակամություն: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստվում է իր դիտարկումները կիսել: Օրինակ՝ ինձ հետ նա նկատառումներ չի կիսել, հանդիպման նախաձեռնություն չի ունեցել»,-ասաց ՍԴ դատավորը:
Վերջինիս խոսքով՝ Գրիգորյանը տվել է ՍԴ դատավորի երդում՝ լինել անաչառ և ապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը: Նա պետք է Սահմանադրությամբ և ՍԴ դատարանի մասին օրենքով իրականացներ իր լիազորությունները:
Դիտարկմանը՝ Գրիգորյանն ինչպե՞ս կարող էր աշխատել ՍԴ-ում, եթե կարծում է, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, Արևիկ Պետրոսյանն արձագանքեց.
«Եթե նա գտնում էր, որ ՍԴ-ում այնպիսի մթնոլորտ է, ճգնաժամային իրավիճակ է, որն անհաղթահարելի է, պետք է բարի լիներ պայքարել դրա դեմ, եթե կարող էր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, նոր ձգտեր իրականացնել իր առաքելությունը: Ես դա կհասկանայի»:
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։
Հիշեցնենք նաև, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:










