Չինաստանում կալանավորվել է աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաներին «ստեղծած» գիտնականը
Չինաստանում դատարանը երեք տարով ազատազրկման է դատապարտել միջազգային սկանդալի կիզակետում հայտնված գիտնական Հի Ժյանկույին, որն ամբողջ աշխարհում իրարանցում էր առաջացրել գենետիկ փոփոխությունների ենթարկված առաջին երեխաների ծնվելու մասին հայտարարությամբ:
Ինչպես նշում է theguardian.com-ը, Ժյանկույը 2018թ. նոյեմբերին հայտարարել էր, որ Crispr-Cas9 կոչվող հատուկ տեխնոլոգիայի միջոցով փոփոխության է ենթարկել դեռևս սաղմնային շրջանում գտնվող երկվորյակ քույրերի գեները, որպեսզի նրանք ՄԻԱՎ վարակակիր հորից չժառանգեն վարակի գենն ու առողջ ծնվեն:
Այժմ դատարանը գիտնականին մեղավոր է ճանաչել ապօրինի գործողությունների իրականացման համար և ազատազրկումից բացի նրան տուգանել 430 000 դոլարով: Ազատազրկման է դատապարտվել Ժյանկույի գիտական թիմի ևս երկու անդամ:
Վճռում նշվում է, որ «երեքն էլ փառքի և հարստության հասնելու նպատակով միտումնավոր խախտել են գիտական հետազոտությունների և բժշկության վերաբերյալ ազգային կանոնակարգն ու հատել բժշկական էթիկայի կարմիր գիծը»:
Նախորդ տարի գիտնականը հայտարարել էր, որ իր կողմից լաբորատոր միջամտության արդյունքում Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, որոնք ծնվել են ՄԻԱՎ վարակակիր հորից, սակայն ԴՆԹ-ի շտկման արդյունքում այժմ անխոցելի են այդ վարակի նկատմամբ:
Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են 2018թ. ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ:
Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:










