Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. ուղևորների մեծ մասը զոհվել է (տեսանյութ, լուսանկարներ)
Ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ օդանավում եղել է 167 ուղևոր: Օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո:
CNN հեռուստաալիքն Իրանի Արտակարգ օգնության կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդին հղումով հայտնում է, որ չվերթի ուղևորների մեծ մասը զոհվել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարային բրիգադներն ուղարկվել են վթարի վայր, սակայն օգնություն չեն կարողանում ցուցաբերել, քանի որ ներկայում տարածքն այրվում է:
Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է առավոտյան ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
«PS752-ը Թեհրանից մեկնել է 2:42-ին: Վերջին տվյալները ստացվել են 2:44-ին»,- ասված է Flightradar-ի հաղորդագրության մեջ:
Կիևի օդանավակայանը դեռևս տեղեկություններ չունի Թեհրանի տարածքում ուկրաինական օդանավի հնարավոր կործանման մասին:














