Արմեն Թավադյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է և կոպիտ ոտնձգություն մամուլի դեմ. «5-րդ ալիք» ՀԸ սեփականատիրոջ աջակիցները բողոքի ակցիա իրականացրին Դատախազության դիմաց (տեսանյութ)
18։27
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը քաղաքական հետապնդում և կոպիտ ոտնձգություն է մամուլի դեմ, Դատախազությունն իրավական հենքերից չի գործում և իշխանությունների կողմից ենթարկվում է ճնշումների: Այս մասին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների՝ Դատախազության դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Անի Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Թավադյանի գործը վերահսկող դատախազն իր աշխատասենյակում նշել էր, որ որևէ ճնշման չի ենթարկվում: Դիմելով դատախազին՝ Կարապետյանն ասաց. «Այնքան վստահ, որ Ձեր աշխատասենյակում խոսում էիք, որ չեք ենթարկվում ճնշումների, այդքան վստահ փորձեք գործել: Երբ կգործեք, այդ ժամանակ էլ այլևս չենք հայտարարի, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ մինչ ակցիան սկսելը փորձե՞լ են կապ հաստատել դատախազի հետ, ակցիայի մասնակիցն ասաց. «Եթե դատախազները խոսք են տալիս և իրենց խոսքի տերը չեն լինում, այսինքն՝ չունեն արժանապատվություն թե՛ իրենց խոսքի, թե՛ օրենքի նկատմամբ, ապա ինչո՞ւ ևս մեկ անգամ զանգ տալ դատախազին»:
Ակցիայի մասնակիցներից Նարեկ Մութաֆյանն էլ հայտարարեց, թե գործը վերահսկող դատախազը խոստացել էր, որ առաջնահերթության կարգով քննվելու է Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը, սակայն այդ խոստումը, ինչպես և մյուս բոլոր խոստումները մնացել են օդում:
«Այսօր եկել ենք ահազանգելու, հիշեցնելու իրենց պարտականությունների մասին: Մինչև դեկտեմբերի 31-ը Դատախազությունը ոչ մի հստակ պատասխան չտվեց, դրա համար առաջին աշխատանքային օրը եկել ենք հիշեցնելու խոստումների մասին»,-ասաց Մութաֆյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել էր դեկտեմբերի 24–ին՝ կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
17։05
ՀՀ դատախազության դիմաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են վերացնել Ա․ Թավադյանի նկատմամբ կիրառված կալանքը։
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ա․ Թավադյանին ձերբակալելով՝ իշխանությունները ճնշում են գործադրում ՀԸ վրա, ինչը կհանգեցնի ֆինանսական խնդիրների։ Հարությունյանը նաև նկատեց, որ Արմեն Թավադյանին ձերբակալել են, քանի որ վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:










