Մարալիկի բնակիչները զայրացած են. եթե ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը. ծննդատան աշխատակից
Մարալիկի բնակիչները զայրացած են, ասում են, որ եթե Մարալիկի ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան մանկաբարձուհի Հերմինե Հանիսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ծննդատան աշխատանքները բնականոն ռեժիմով շարունակվում են, բայց լարված իրավիճակ է:
«Առողջապահության նախարարության աշխատակիցների մասնակցությամբ կլոր սեղան քննարկում է իրականացվում մարզպետարանում, բայց այն փակ է, աշխատակիցներիցս ոչ մեկը ներկա չի եղել, մեզ էլ ոչ մի բան չեն ասում»,-ասաց Հանիսյանը՝ նշելով նաև, թե խոստացել են 1-2 օրվա ընթացքում վերջնական պատասխան տալ:
Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկացած տեսակի որակյալ կառավարում ենթադրում է նաև որոշ չափով օպտիմալացում՝ որոշ կենտրոնների փակում, բայց դրա համար պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք:
«Պետք է հասկանալ՝ ծննդատունը որքա՞ն բնակչության է սպասարկում, այդ բնակչության հաշվին որքա՞ն էֆեկտիվ է աշխատում: Այդ ծննդատանը տարեկան ծնվում է շուրջ 100 երեխա, ինչն օպտիմալ պարամետր է. եթե այնտեղ մեկ գինեկոլոգով, մի քանի մանկաբարձով այդքան սպասարկում կարողանում են ապահովել, ապա իմ համոզմամբ՝ այդ բուժկենտրոնը պետք է ոչ թե փակել, այլ ավելի հզորացնել»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե Առողջապահության նախարարությունը Գյումրիում բուժկենտրոն կառուցելու ծրագիր ունի, կարելի է ուղղակի այդ գումարով Մարալիկի ծննդատունն էլ ավելի հզորացնել և շուկան բազմազան դարձնել, ոչ թե ամեն ինչ կենտրոնացնել Գյումրիում: «Գյումրիում կա բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, Մարալիկում էլ թող լինի որակյալ ծննդատուն: Պետք է աշխարհագրությունն ավելի լայն լինի, ոչ թե ամեն ինչ կենտրոնացած լինի մեկ վայրում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գուցե բիզնես շահերի խնդիր կա:
«Գուցե որևէ անձի կամ Առողջապահության նախարարության ղեկավար կազմի բիզնես շահերի սպասարկման հարց կա, իսկ այդպիսի շահերի սպասարկումն այս կառավարության օրոք աննախադեպ չափերի է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները երեկ ևս փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը:










