Դալմա մոլում տեղի ունեցած ցնցումների պատճառը կարող է լինել օդափոխման համակարգը. ԱԻՆ (տեսանյութ)

15:03 • 10.01.20

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցնցումների հիմնական պատճառ է դիտարկվում օդափոխման համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Շենքերի սեյսամակայնության վարչության աշխատակիցները և ինժեներ սեյսմոլոգները տարբեր  սարքավորումների միջոցով փորձում են համոզվել, որ ցնցումները տեղի են ունեցել օդափոխման համակարգի պատճառով: 10-ից ավելի օդափոխիչներ են տեղադրված շենքի տանիքի տարբեր մասերում»,-հայտնեց Սոս Մարգարյանը: Նա նաև նշեց, որ առևտրի կենտրոնի ղեկավարներին խնդրել են տրամադրել համակարգի տեխնիկական անձնագրերը:

«Պետք է հաշվարկենք հզորությունները, աշխատելու հաճախականությունը: Վարկածներից մեկը համակարգի հնարավոր մաշվածությունն է, որի պատճառով առաջացնել է վիբրացիա: Սա է հիմնական վարկածը, քանի որ շենքը նորակառույց է և սեյմակայունության խնդիր չկա»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ 18:40 Դալմա Գարդեն մոլում շուրջ 30 րոպե տեղային ցնցումներ էին արձանագրվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

Այսօր առևտրի կենտրոնը փակ է: