Պետք է պայքարել ոչ թե «ֆեյքեր» բացահայտելու, այլ հասարակության մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ. պաշտոնյաներն էլ պետք է խուսափեն անհայտ կայքերի հղումներ տարածելուց. Ս. Մարտիրոսյան

20:03 • 10.01.20

Հանրային դիսկուրսը սխալ ուղղությամբ է գնում. մենք չպետք է պայքարենք «ֆեյքեր» բացահայտելու ուղղությամբ, պետք է այնպես անել, որ հասարակությունը պարզապես արհամարհի ուղղորդված ապատեղեկատվությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ 3 ուղղությամբ պետք է աշխատանք տանել՝ հասարակության մեդիագրագիտության, լրատվամիջոցների որակի բարձրացման և պետական հանրային կապերի ռազմավարության ստեղծման և իրականացման: «Նաև պետք է պաշտոնյաները չտարածեն այնպիսի ալիքների կամ կայքերի հղումները, որոնց խմբագիրները հայտնի չեն»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին, բայց այլ բազմաթիվ «ֆեյք» էջեր կան, որոնք կրկին կեղծ, շատ դեպքերում՝ վտանգավոր տեղեկություններ են տարածում: Օրինակ՝ նախօրեին «Nvideo Only 1» էջը «Դալմայի» միջադեպի վերաբերյալ հետևյալ վերնագրով տեսանյութն էր տեղադրել՝ «Հզոր ռումբ դալմայում»: Կամ պաշտոնյաների անունից այլ կեղծ հայտարարություններ են հնչեցվում «ֆեյք» էջերով: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ լուծում պետք է տրվի այս կեղծ լուրերի, կեղծ էջերի խնդրին:

- Միանշանակ բացահայտումներով հարցը չի լուծվում: Օրինակ՝ «Դիանա Հարությունյանն» այն եզակի դեպքն է, որ այդ տիպի ապատեղեկատվությունը Հայաստանից է տարածվում և հետո ընկնում է ադրբեջանական դաշտ: Սովորաբար, հենց ադրբեջանցիներն են ստեղծում այդ «ֆեյքերը» և հետո շրջանառում: Այս դեպքում ոչ մի բացահայտում քեզ չի օգնի, այսինքն՝ ադրբեջանցիները գրանցում են կամ կոտրում հայկական էջ, այդ էջի անունից գրում են, հետո հղում են տալիս դրան: Մենք այստեղ մի քանի կարևոր հարցեր պետք է լուծենք. առաջինը՝ մեդիագրագիտությունն է, մարդկանց պետք է սովորեցնել, որպեսզի իրենք անծանոթ աղբյուրներից չօգտվեն, հանրությանը պետք է անընդհատ կրթել: Երկրորդը՝ պետական հանրային կապերի ռազմավարության ստեղծումն ու իրականացումն է, որը թույլ կտա տեղեկատվության այնպիսի խողովակներ ստեղծել, որ այդ «ֆեյքը» չհասցնի էլ ինչ-որ մի տեղ մխրճվել, պարզապես տեղ չունենա տեղադրելու: Երրորդ՝ լրագրության որակի խնդիր կա: Մեզ մոտ շատ հաճախ տեսնում ենք, որ լրատվամիջոցը վերցնում է ինչ-որ մեկի գրառումը և հրապարակում է որպես նյութ: Իհարկե, ինչ-որ մեկի գրառումը կարող է նյութի մաս կազմել, բայց չի կարող ինքնաբավ նորություն լինել, գոնե լրացուցիչ պետք է ճշտել, կարծիք ներառել: Այսպիսի «նորությունները» շատ-շատ են և դրանք խոցելիություն են ստեղծում, որովհետև մարդիկ սկսում են հեշտությամբ սպառել նման տեղեկությունը: Սա էլ տալիս է հնարավորություն «ֆեյքերի» միջոցով այդ դաշտ ինչ ասես լցնել:

- Քաղաքական թեմաներով տեսանյութեր պատրաստող Perfect TV յութուբյան ալիք գոյություն ունի, որը համեմատաբար ավելի հայտնի է, քանի որ վարչապետն այս ալիքի 1-2 տեսանյութ իր բազմահազարանոց հետևորդներ ունեցող էջում տեղադրեց: Մեդիագրագիտության առումով խնդիր չէ՞, որ երկրի ղեկավարը ոչ այնքան վստահելի աղբյուրներից տեսահոլովակներ է տեղադրում իր էջում:

- Համամիտ եմ: Պետք է նաև այնպես անել, որ պաշտոնյաները չտարածեն այնպիսի ալիքների կամ կայքերի հղումները, որոնց խմբագիրները հայտնի չեն: Դա խնդիր է: Ընդ որում, այդ խնդիրը կարող է շատ տարբեր ձևի լինել: Օրինակ՝ շատ ընդունված բան կա այսօր՝ վաճառում են էջերը: Այսինքն՝ այսօր մեկին է պատկանում, նա հավաքում է լսարան, հետո վաճառում է մեկ այլ, օրինակ՝ հակառակ ուղղվածություն ունեցող մարդու կամ կազմակերպության: Եվ դա, այսպես ասած, անտեսանելի է լինում և առաջանում են հազար ու մի խնդիրներ:

- «Ֆեյքերի» շրջանում ադրբեջանական հետքի մասին խոսեցիք, բայց ներքաղաքական դաշտում ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը «ֆեյք» էջեր ստեղծելու համար, իշխանությունը՝ ընդդիմությանը: Տեսել ենք գործողություններ իշխանություններին հակառակ գործունեություն ծավալողների բացահայտման հետ կապված, բայց բազմաթիվ կեղծ էջեր կան, որոնց ամբողջ բովանդակությունը իշխանության քարոզչության մասին է: Հնարավո՞ր է, որ իշխանությունները «ֆեյքեր» ունեն:

- «Դուխով Հայաստանի» դեպքում խնդիրը «ֆեյքությունը» չէր, այլ այդ մարդն ակնհայտ հանրային վտանգ պարունակող գործողություն էր ծավալում: Հիշեցնեմ, որ կոչեր էր անում դանակով գնալ ցույցերի և այլն: «Դիանա Հարությունյանի» դեպքը, իհարկե, առաջացնում է բազմաթիվ հարցեր, սա շատ խնդրահարույց է: Իմ կարծիքով՝ հանրային դիսկուրսն է շատ սխալ ուղղությամբ գնում, մենք չպետք է պայքարենք «ֆեյքեր» բացահայտելու ուղղությամբ, պետք է այնպես անենք, որ մեր հասարակությունը պարզապես արհամարհի ուղղորդված ապատեղեկատվությունը: