Էրդողանը հրաժարվել է երկու անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից` նրանց 2 պայման առաջադրելով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է երկու անչափահասների դեմ ներկայացրած դատական հայցից` պայմաններ առաջ քաշելով: Այս մասին տեղեկացնում է birgun.net կայքը:
Թուրքիայի նախագահի առաջին պայմանն այն է, որ երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից` նրան վիրավորելու համար, իսկ երկրորդ պայմանով Էրդողանը պահանջել է, որ երեխաներից մեկը սովորի Թուրքիայի հիմնը, իսկ մյուսը` թուրք բանաստեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը:
Նշվում է, որ անչափահասների դեմ դատական հայցը ներկայացվել էր դեռևս Էրդողանի վարչապետության ժամանակ` սոցիալական ցանցերում նրա հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար:
Երեխաները, որոնք մեղադրվում էին «պետական պաշտոնյային վիրավորելու» հոդվածով, հաշտության խնդրանքով դիմել էին Վանի հանրապետական դատախազություն, ինչից հետո Թուրքիայի նախագահի փաստաբանը դատական հայցից հրաժարվելու համար ներկայացրել է Էրդողանի երկու պայմանը:










