Նարեկ Վանեսյանի կողմից ազատվել, ապա դատական կարգով վերականգվել եմ, բայց նոր տնօրենը ծանր է տանում, սպառնում է գլուխս ջարդել․ փոխտնօրենը՝ հոգեկան առողջության կենտրոնում գրանցված միջադեպի մասին

17:11 • 10.01.20

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան), հիմնարկի տնօրենի և փոխտնօրենի միջև: Միջադեպի մանրամասները Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը և նշել, որ տնօրենը պաշտոնեական դիրքն է չարաշահել:

«Նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն ինձ հեռացրել էր աշխատանքից, սակայն ես դատական կարգով վերականգնվել եմ: Ներկայիս տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, չգիտես ինչու, ծանր է տանում իմ վերականգնվելը: Ինձ անընդհատ ասում է՝ պետք է քեզ և՛ գումար տամ, և՛ պետք է աշխատե՞ս: Ես նրան ասել եմ՝ հարգելիս, դատական կարգով վերականգնվել եմ, ի՞նչ ես ուզում ինձնից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տնօրենն իրեն ասել է՝ գումարը ստացի, մի աշխատի, ես ասել եմ. «Ե՛վ փողը պետք է ստանամ, և՛ պետք է աշխատեմ, որովհետև այս երկրում գոյություն ունի օրենք, մենք էլ օրենքով պետք է շարժվենք»:

Վաղինակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտը խորհրդակցության ժամանակ տնօրենն աշխատակազմի մոտ հայտարարել է, որ իր բոլոր խոստումները կատարել է, բացի մեկից՝ պարգևավճարներ չի տվել: «Չեմ տվել, որովհետև գումարները հավաքեցի, պարոն Հովհաննիսյանի պարապուրդի գումարը տվեցի: Հետո ասեց, որ բոլորը պետք է նայեն իմ աչքերի մեջ և կարդան, որ ես իրենց գումարները յուրացրել եմ: Թե ես ոնց եմ յուրացրել, չգիտեմ: Հետո էլ ինձ ասաց, որ ես էլ պետք է նայեմ նրանց աչքերի մեջ ու հասկանամ, որ ես նրանց երեխեքի փողը յուրացրել եմ»,- պատմեց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը միայն ասել է, որ ոչ մի բան չի յուրացրել՝ ինչն օրենքով իրեն հասնում է, դա էլ վճարել են:

Նշենք, որ խոսքը հեռացնելուց մինչև վերականգնվելը պարապուրդի մատնված լինելու դիմաց վճարած գումարի մասին է:

Խոսելով միջադեպի մասին՝ նա նշեց, որ տնօրենն իրեն մեղադրել է ֆունկցիաները չկատարելու մեջ. «Ինձ ասաց՝ ռադդ քաշի, գնա այստեղից: Ես ասել եմ, որ իրենց տուն չեմ եկել, որ ինձ դուրս հրավիրի, և որ մենք պետական հիմնարկի աշխատողներ ենք: Տեղից վեր կացավ, ասաց՝ կտամ գլուխդ կջարդեմ, բժիշկները պատնեշ կանգնեցին իր դեմը: Աթոռը վերցրել էր, որ խփեր: Հետո բոլորին հրավիրեց դուրս, որ հետս առանձին խոսի: Ես ասացի՝ հանգստացի, ընկել էր հետևիցս, բժշկուհիներից մեկն ինձ հանեց դուրս: Հետո լսում էի գոռոց՝ գլուխդ ջարդելու եմ, սա եմ անելու, նա եմ անելու, ես էլ դուրս եկա ու զանգեցի ոստիկանություն»,- պատմեց նա:

Դիտարկմանը՝ տնօրենը հերքել է, որ որևէ միջադեպ է եղել, նա ասաց. «Ոստիկանությունում նյութեր կան հենց հիմա, իզուր թող չհերքի»:

Հարցին՝ աշխատանքի վերականգնվելուց հետո սա առաջի՞ն միջադեպն էր տնօրենի հետ, նա պատասխանեց. «Անընդհատ եղել են խոսակցություններ։ Նա ինձ առաջարկել է, ասել է՝ արի քեզ փող տամ, դիմում գրի, գնա: Ես ասել եմ՝ եթե օրինական ձև կա, որ ինձ դու ազատես աշխատանքից և արձակուրդային տաս, խնդրեմ, չե՞ս ուզում, փողը տուր գնամ, ի՞նչ ասեմ»:

Հովհաննիսյանը չգիտի, թե ինչու տնօրենը չի ուզում, որ ինքն աշխատի: «Երևի մյուս փոխտնօրենին է ուզում: Մեզ մոտ միայն երկու փոխտնօրենի տեղ կա, երևի ինձ չի ուզում, ես չգիտեմ: Պետք է նշեմ, որ իրար չենք ծեծել, հայհոյանքներ չենք տվել, ինչ եղել է, ես օբյեկտիվորեն ներկայացրել եմ ոստիկանությունում, ես դա համարում եմ պաշտոնեական դիրքի չարաշահում և խուլիգանություն»,- ասաց նա և հավելեց՝ հաստատ գիտի, որ Սերգեյ Խաչատրյանը նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի ազգականը չէ:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանն անցած տարվա հոկտեմբերին հրաժարական տվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարի (Նուբարաշենի հոգեբուժարանը) պաշտոնից: 

Նշենք, որ 2015 թվականին Նարեկ Վանեսյանը եղել է, Իջևան ԲԿ տնօրենը, ավելի ուշ  նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն,  սակայն  Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: