Վաղարշապատի թիվ 8 դպրոցի նախկին տնօրենը մութ բաներ ունի արած և թույլ չի տալիս, որ գույքի, փաստաթղթերի ընդունում-հանձնում իրականանա․ դպրոցի գործող տնօրեն

15:05 • 10.01.20

Ինչո՞ւ ընդունում-հանձնում չի լինում։ Մեծ կասկածներ ունեմ, որ նախկին տնօրենը չի թողնում ընդունում-հանձնում իրականանա, որովհետև կեղծիքներ է թույլ տվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատի թիվ 8 դպրոցի նորընտիր տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը, ում դեմ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից բողոքի ակցիա է իրականացվում։ Դպրոցի ուսուցիչները և աշակերտների ծնողները Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականն էին պահանջում՝ նշելով, որ ապօրինաբար է պաշտոնում հայտնվել, և արժանի չէ տնօրենի պաշտոնին։

«Նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը թույլ չի տալիս, որ գույքի, փաստաթղթերի ընդունում-հանձնում իրականանա։ Նա իր մտերիմների մոտ ասել է, թե չի ուզում իրականացնել, քանի որ ցանկանում է՝ տնօրենի պաշտոնում մտերիմ մարդ լինի։ Նա բոյկոտում է, այնպես է անում, որ ես այդ փաստաթղթերին չհասնեմ։ Նա մութ բաներ ունի, որ թույլ չի տալիս։ Նրա դեմ քրեական գործ կա հարուցված, չգիտեմ, թե ինչ հոդվածով է, բայց նա հաճախ է բաժին գնում։ Կիմանանք, դժվար չէ»,- ներկայացրեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ են աշակերտների ծնողները դիմումներ ներկայացրել երեխաներին դպրոցից հեռացնելու համար, Շուշանիկ Ոսկանյանը պատասխանեց, որ  այդ դիմումներից ոչ մեկը հիմնավոր չեն, որոնք գրվում են շանտաժով․ «Նույնիսկ կան մարդիկ, որոնք մեր դպրոցի աշակերտների ծնողները չեն, սակայն ստորագրել եմ, ասում են՝ ասել են, որ ստորագրենք, ստորագրում ենք»,- ասաց Ոսկանյանը։
 
Հարցին, թե դպրոցում դասերը արդյոք բնականոն հունով են ընթանում, տնօրենը պատասխանեց, որ մինչ տոները աշակերտները մեկ օր են բոյկոտ արել, սակայն դասը հետո լրացրել են։ «Երեկ դպրոց են եկել, սակայն ուսուցիչներով կազմակերպել են և մոտ 120 աշակերտներին տուն են ուղարկել»,- նշեց նա և պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կատարում է իր պարտականությունները և հաճախում դպրոց, ասաց, որ նրա աշխատանքի հաճախելուն խոչընդոտում են․ «Դեպքեր են լինում, երբ դուռը փակում են։ Եղել է դեպք, երբ արձակուրդի օրերին բանալին տվել են աշակերտին, որ դուռը փակ պահի, սակայն ոստիկանների միջամտությամբ բացել ենք»։

Շուշանիկ Ոսկանյանը նշեց,որ իր դեմ իրականացվող բողոքի ակցիաները արհեստածին ալիք է, որն ստեղծել է նախկին տնօրենը։ Ըստ՝ նրա նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը չի հաշտվում դպրոցի տնօրեն չընտրվելու փաստի հետ։

Նա ներկայացրեց, որ տնօրեն ընտրվելու համար հինգ ձայն է հարկավոր, եթե թեկնածուներից ոչ մեկը հինգ ձայնը չի ապահովում, նշանակում է, որ ընտրությունը կայացած չէ։ Չկայացած ընտրության տվյալները պետք է գնան փոխվարչապետի մոտ, որից հետո կազմակերպվում է հարցազրույց, և արդեն, ըստ այդ հարցազրույցի տնօրեն է նշանակվում։

«Իմ տնօրեն ընտրվելու համար, ասում են, որ ես մարզպետի հետ կապ ունեմ, սակայն դա բացարձակ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա և հավելեց,որ ծնողները խոսում են, թե նա չորս դպրոցի տնօրեն է եղել և հեռացվել է աշխատանքից, սակայն նա նշեց, որ բացի Բաղրամյան գյուղի դպրոցից ոչ մի դպրոցում տնօրեն չի եղել և մյուս դպրոցներում պարզապես մրցույթների է մասնակցել։

Հարցին, թե ո՞րն է եղել Բաղրամյան գյուղի դպրոցից հեռացվելու պատճառը, Շուշանիկ Ոսկանյանը պատասխանեց, որ հեղափոխության օրերին իր դեմ «ցեխ շպրտելու» փորձեր են կատարվել։ Նա նշեց, որ այդ հարցով լուրջ փաստեր ունի, ըստ նրա, այդ ամենը իրականացնողը անձնական շահեր է ունեցել։

Հարցին, թե ի՞նչ քրեական գործ է հարուցվել իր դեմ, նա պատասխանեց․ «Քրեական գործ եղել է, սակայն առերեսմամբ հերքվել է, եթե դա խանգարող հանգամանք լիներ, օրենքի խախտում կլիներ, ապա ինձ թույլ չէին տա, որ ես անգամ մրցույթին մասնակցեի»։

Շուշանիկ Ոսկանյանը նաև նշեց՝ որոշ շրջանառվող թեմաներ կան, որ ակցիայի կազմակերպիչներից մեկը մասնագիտացված կրթական աջակցության գծով փոխտնօրեն, 8-րդ դպրոցի ուսուցիչ Հրանուշ Գրիգորյանի ամուսինն է, որն ակցիան կազմակերպում է, քանի որ նախկին տնօրենի հետ մտերիմ են։ «Նա դպրոցի աշակերտներից ոչ մեկի ծնողը չէ, սակայն որպես ծնող են ներկայանում։ Աշակերտներից մեկի ծնողը՝ Արտակը, ևս ակցիաներին մասնակցում էր, սակայն ավելի ուշ հասկացավ,որ նրան օգտագործում են, որպեսզի ընդունում-հանձնումը չիրականանա։ Հասկացավ ու հիմա հետ է քաշվել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից Վաղարշապատի թիվ 8 դպրոցի ուսուցիչները պահանջում էին նորընտիր տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը:

2019 դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել էր 4 ձայն, իսկ  ներկայիս տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, որից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հարցազրույց էր կազմակերպվել, ինչի արդյունքում Շուշանիկ Ոսկանյանը տնօրեն է ընտրվել: Ուսուցիչներն ու ծնողները պնդում էին՝ Ոսկանյանը վատ համբավ ունի: